ՏԿԱԻՆ-ը ՀՀ ողջ տարածքում ազդարարման համակարգեր է տեղադրում
ՀասարակությունՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերին Բալահովիտ գյուղում կբացի հայ-ռուսական փրկարարական, մարդասիրական արձագանքման կենտրոնը: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Արձագանքման կենտրոնն անհրաժեշտ գույքերով արդեն կահավորված է, մնում են վերջին ակորդները, որպեսզի այն ամբողջովին պատրաստ լինի և դառնա այն մարդասիրական կենտրոնը, որը կկարողանա ինչպես մեր երկրում, այնպես էլ, որևէ 3-րդ երկրում տեղի ունեցող աղետի ժամանակ արձագանքել և մարդասիրական ու փրկարարական օգնություն ցուցաբերել»,- ասաց նա` հավելեlով, որ Տավուշի մարզում իրենց ռուս գործընկերների հետ համատեղ տեղադրել են ամենավերջին սերնդի ազդարարման համակարգ, որը հնարավություն կտա որևէ արտակարգ իրավիճակի ժամանակ իրականացնել արագ տեղեկատվություն:
«Ազդարարման համակարգով զգուշացվում է վտանգի առկայության մասին, կարճ տեքստերով տեղեկացվում է ինչ է տեղի ունեցել, ինչ է անելու կառավարությունը և բնակիչն ինչ պետք է անի վտանգի դեպքում: Արդեն ամբողջ հանրապետությունով մեկ իրականացվում է ազդարարման համակարգի վերակառուցում, նոր սերնդի սարքերով»,- ասաց նա: