Հակառակորդի գնդակից վիրավորված 85-ամյա պապիկը դեռ քայլել չի կարողանում
Հասարակությունnews.am-ը գրում է.
Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանը դեռ քայլել չի կարողանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Անդրեասյանի հարսը՝ Ասմարիկ Աթոյանը` նշելով, որ թեեւ գյուղը հակառակորդի կրակահերթի տակ է, բայց 85-ամյա պապիկն այդ վիճակում էլ հրաժարվում է տեղափոխվել գյուղից:
«Կրակոցներից իրենց տան տանիքին է կպել: Իջել են, պադվալում են մնում, էդ վիճակում ասում է՝ ես իմ տնից դուրս չեմ գա, ինչ լինելու եմ, իմ տանը թող լինեմ: Ասում է՝ բա ամոթ չի՞, կասեն՝ թուրքերից վախեցան, փախան: Ասում է՝ բա մեր գյուղն ո՞վ պիտի պահի»,- ասաց տիկին Ասմարիկը:
Տիկին Ասմարիկը նշեց, որ Լեւոն Անդրեասյանի ոտքերի երկաթները մեկ ամիս առաջ են հանել, բայց առողջական վիճակում դրական փոփոխություն չկա:
Հիշեցնենք, որ Լեւոն Անդրեասյանը վնասվածքը ստացել էր հողամասում աշխատելու ժամանակ: Վնասվել էին ծնկի եւ ոտքի ազդրոսկրերը: Մի քանի շաբաթ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել եւ մեկնել Մովսես գյուղ, որտեղ բնակվում է 86-ամյա կնոջ հետ: