Ճամբարակում կշարունակվեն խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման աշխատանքները
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ կշարունակվեն խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման աշխատանքները, որոնք ժամանակավորապես ընդհատվել էին այս տարվա ամռան շեմին, շինարարական կազմակերպության փոփոխության պատճառով:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, ընտրված նոր շինարարական կազմակերպության` «Շահարտ» ՍՊԸ շինարարներն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:
«Շինարարներին մնում է ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել կենտրոնական երկու փողոցներում եւ միացումներ տալ արդեն հիմնանորոգված հատվածներում, կիսատ մնացած գործերն ավարտել երկու խորքային հորերում եւ օրվա կարգավորիչ ջրամբարում: Աշխատանքները կշարունակվեն այս տարվա ընթացքում եւ եկող տարվա մեջ»,- նշեց քաղաքապետը: Վերջինիս կարծիքով` կառուցված խորքային հորերում եղած ջրի քանակությունը մասամբ կարող է բավարարել քաղաքի ջրամատակարարման ապահովման պահանջները, ուստի հարկ կլինի համակարգում ներգրավել նաեւ սարի աղբյուրների ջուրը, որով մինչ այժմ սնվում է Ճամբարակը:
«Այդ երկու աղբյուրները քաղաքից գտնվում են յոթ եւ ինը կիլոմետր հեռավորությամբ, որոնք համակարգ մտցնելու համար կպահանջվեն լրացուցիչ միջոցներ: Ամեն դեպքում պետք է գտնենք այդ միջոցները, եթե ուզում ենք, որ քաղաքն ունենա շուրջօրյա անխափան եւ որակյալ ջրամատակարարում»,-հավելեց Յուրա Ավալյանը:
Խոսրով Խլղաթյան