Կյանքից հեռացել է բժիշկ-համաճարակագետ Ալբերտ Մայրապետյանը
ՀասարակությունԿյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին փոխնախարար, բժիշկ-համաճարակագետ, հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խաչատուրի Մայրապետյանը: ՀՀ առողջապահության նախարարությունից, Ալբերտ Մայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես ՄկրտիÕ ¹ եկեղեցում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 14-ին` ժամը 13-ին՝ նույն վայրից:
Ալբերտ Մայրապետյանը ծնվել է 1931թ․ դեկտեմբերի 24-ին Նոր Բայազետում (այժմ ք. Գավառ)։ 1954թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1954-64-ին աշխատել է Կամոյի շրջանում`որպես շրջանային համաճարակագետ և շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ: 1964-69թթ. աշխատել է Մարտունու շրջանում` որպես շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ:
1969-1991թթ. կառավարության որոշմամբ տեղափոխվել է աշխատանքի Առողջապահության նախարարություն` որպես սանիտարահամաճարակային վարչության պետ և կոլեգիայի անդամ, այնուհետև առողջապահության փոխնախարար և հանրապետության պետական գխավոր սանիտարական բժիշկ:
1991-ին նշանակվել է Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ տնօրեն:
Համաճարակաբան, հիգիենիստ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Ալբերտ Մայրապետյանը մեծ ներդրում է ունեցել բնակչության շրջանում առողջ կենցաղի արմատավորման, մեր երկրում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ու կանխարգելման, շրջակա միջավայրի առողջացման գործում: Միաժամանակ ծավալել է գիտական գործունեություն՝ հեղինակելով 200 գիտական աշխատություն։ Դոկտորական ատենախոսությունը պաշտապանել է 1998-ին:
Ալբերտ Մայրապետյանը Հայկական բժշկական և ռուսական ակադեմիաների ակադեմիկոս էր: Առողջապահության ոլորտին մատուցած ծառայությունների համար նա արժանացել է կառավարական մի շարք պարգևների: Պատվո նշանի շքանշանակիր է, Լոմոնոսովի ոսկե մեդալակիր: