ԼՂՀ ԿԸՀ ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ներկայացվել
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ դեռևս չեն ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանը՝ հավելելով, որ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրավոր դիմում-բողոքներ՝ ընտրախախտումների վերաբերյալ, կարող են ներկայացնել մինչև օրվա վերջ:
ԿԸՀ պատասխանատուն միաժամանակ նշել է, որ այս ընթացքում բանավոր դիմումներ են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանումներ ստանալու Ընտրական նոր օրենսգրքի այս կամ այն դրույթների վերաբերյալ: Մասնավորապես՝ ի թիվս այլ հարցադրումների, դիմումներ են եղել համայնքի ղեկավարների, այնպես էլ՝ ավագանու անդամների թեկնածուների առումով գրանցված հավասար քվեների խնդրի պարզաբանման վերաբերյալ, որն ըստ օրենսգրքի՝ կորոշվի վիճակահանությամբ: ԿԸՀ քարտուղար Ռ. Նազարյանը տեղեկացրել է, որ այդ հարցը ներկայում քննարկվում է հանձնաժողովներում , իսկ արդյունքները պարզ կլինեն վաղը ժամը 18:00-ին: