Հունաստանի խորհրդարանում մեկնարկել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը
Հունաստանի խորհրդարանում մեկնարկել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Եթե օրինագիծն ընդունվի, Հունաստանը կդառնա ԵՄ անդամ երրորդ պետությունը՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լուրջ ճնշումներ են զգացվում Թուրքիայի կառավարությունից: Մասնավորապես, Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի Նախագահի նախաձեռնությամբ կայացել է Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասի հանդիպումը: Էրդողանի նախազգուշացումներին, որ օրինագծի ընդունումը կտավթարացնի երկու երկրների միջև հարաբերությունները, Հունաստանի վարչապետն ասել է, որ ցեղասպանությունների ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին:
Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել Հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը:
Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրներ: