Արամ Խաչատրյանի անվան տրիոն Տոկիոյում հանդես է եկել Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով
ՄշակույթՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ, սեպտեմբերի 7-11-ին համերգային շրջագայությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում էր գտնվում Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 8-ին տրիոն համերգով է հանդես եկել Տոկիոյի «Լյութեր Իչիգայա» կենտրոնում, սեպտեմբերի 11-ին՝ «Սանտորի հոլ» հեղինակավոր համերգասրահում: Երաժիշտները կատարել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:
Համերգներին ներկա են եղել հարյուրավոր ճապոնացիներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: