Սեքսուալ հեղափոխություն Անկարայում
Անկարայի հասարակաց տներից մեկի նախկին աշխատակիցներն իշխանություններից պահանջել են աշխատանքի համար իրենց նոր շենք տրամադրել նախկին շենքի քանդման դիմաց, սակայն մերժում են ստացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, չցանկանալով գործազուրկ մնալ, թեթև վարքի 30 կանայք իշխանությունների այդ որոշման դեմ համատեղ հայց են ներկայացրել Թուրքիայի մայրաքաղաքի դատական ատյաններ, սակայն նրանց պահանջը կրկին մերժվել է:
Այդուհանդերձ, կանայք չեն հանձնվել և դիմել են Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան, որը ներկայումս քննում է նրանց հայցը: Թուրքական հասարակաց տան աշխատակիցները դրան զուգահեռ հայց են պատրաստում նաև երկրի Սահմանադրական դատարան դիմելու համար: Եթե իշխանությունները չփոխեն իրենց դիրքորոշումը, կանայք սպառնում են ի նշան բողոքի վրաններ տեղադրել Անկարայի քաղաքապետարանի շենքի մոտ:
Թուրքական մամուլը հասարակաց տների աշխատակիցների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու այդ գործողությունները երկրում ընթացող «սեքսուալ հեղափոխություն» է բնութագրել: