Արցախի նախագահը ծանոթացել է տեղական նշանակության ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր եւ ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարեւորել է տրանսպորտային ցանցի շարունակական արդիականցումը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ հանդիպել բնակիչների հետ:
Արծարծվել են թաղամասում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի պահպանմանը:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ նշելով, որ ծայրամասային թաղամասերի բարեկարգումը մայրաքաղաքի զարգացման կարեւորագույն բաղադրամասերից մեկն է: