Գեղարքունիքում Հայաստանի Անկախության տոնը կնշեն տարբնույթ միջոցառումներով
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 21-ի առավոտյան, մարզի 5 քաղաքային եւ մի շարք գյուղական խոշոր համայնքներում: Միջոցառումները կսկսվեն ծաղկեդրման արարողությամբ. պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությո ւնների աշխատակիցները եւ անհատ քաղաքացիները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ կդնեն Արցախյան ազատամարտում եւ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շիրիմներին ու հուշակոթողներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին մարզի համայնքներում կանցկացվեն տոնական համերգներ, Գավառի մանկատան այգում կանցկացվի կավճանկարչության մրցույթ, մարզկենտրոնի մշակույթի պալատում` տոնական համերգ: Սեպտեմբերի 17-ից կանցկացվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների միջեւ սպորտլանդիայի տարածքային, իսկ հոկտեմբերի 8-9-ին` մարզային փուլի մրցումները` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին:
Մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվում են բաց դասեր` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան, մշակութային հաստատություններում ձեւավորվել են պատի թերթեր, մարզի արվեստի, գեղարվեստի դպրոցների եւ մանկական ստեղծագործական կենտրոնների սաների ուժերով կազմակերպվել եւ անցկացվում են մանկական ստեղծագործությունների ցուցադրություններ: Իսկ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում արդեն կազմակերպվել է «Հայաստանի երրորդ հանրապետությունը» խորագրով ցուցադրություն:
Խոսրով Խլղաթյան