Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ. պարզաբանում
ՀասարակությունԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց, Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից:
«Մամուլում այսօր տեղ գտած հերթական «տեղեկատվության» համաձայն, Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը: Հրապարակման հետ կապված` պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ ընդհանրապես և ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես: Գագիկ Ծառուկյանը երբևէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և չունի:
Գագիկ Ծառուկյանի անձի և գործունեության հետ կապված հետևողական և միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսևորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»: