Կառավարությունում ներկայացվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը
ՏնտեսությունՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը:
Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի և նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 43 մլն դոլար, ընդգրկելու է հանրապետության բոլոր մարզերը, բացի Երևանից: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տարածքների համաչափ զարգացմանը՝ վարկային միջոցները հասանելի դարձնելով առավել կարիքավոր և խոցելի համայնքների համար:
Ծրագիրն ուղղված է համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի մատչելիության՝ այդ թվում կրթական, առողջապահական, համայնքային օբյեկտների, համայնքային և միջհամայնքային ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի բարելավմանը:
Վարչապետը կարևորել է ծրագրով նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: