Հայաստանը շատ կարևոր քայլ է արել համընդհանուր ներառականություն ներդնելու առումով. Սուսաննա Թադևոսյան
ՀասարակությունՀայաստանը համընդհանուր ներառականություն ներդնելու առումով շատ կարևոր քայլ է արել: ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին նշեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: «Նման քայլ անելու մասին երազում են շատ ու շատ երկրներ: Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ը կընդունի նոր փաստաթուղթ, որը կոչվում է «Վերափոխելով մեր աշխարհը. 2030-ի օրակարգը` հ անուն կայուն զարգացման»: Ուզում եմ առանձնացնել այն, որ փաստաթղթում նշվում է հետևյալ միտքը. «Ապահովել ներառական ու հավասարապես որակյալ կրթության և խթանել ցկյանս կրթության հնարավորությունները բոլորի համար»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Սուսաննա Թադևոսյանը:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահը ներկայացրեց Հայաստանում ներառականության սկզբունքի ներդրմանը խոչընդոտող որոշ խնդիրներ` մատնանշելով նաև դրանց հնարավոր լուծումները: «Դրանցից է, օրինակ, հատուկ մանկավարժների պակասը ՀՀ մարզերում: Դրա լուծումներից է հատուկ կրթության ամբիոնների ստեղծումը մայրաքաղաքից դուրս` մարզերում գտնվող դպրոցներում»,-հավելեց նա:
Սուսաննա Թադևոսյանը նշեց նաև, որ ուսուցիչները մեթոդական ուղեցուցի կարիք ունեն, ինչպես նաև դպրոցաշինության հարցում խնդիր կա:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Սուսաննա Թադևոսյանի ելույթին, նշեց, որ իրատեսական է համարում շատ խնդիրների լուծումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, շարունակում է աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման անհրաժեշտության, առկա խնդիրների և գործընթացների վերաբերյալ հարցեր: