Բանակում արատավոր երևույթների դեմ պայքարի քաղաքականությունը տվել է դրական արդյունքներ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականության արդյունքում, անցյալ տարի 2013թ. համեմատ բանակում գրեթե 60 տոկոսով նվազել են հանցագործությունները: Այս մասին ՀՊՏՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք 2014թ. հռչակեցինք բանակում արատավոր երևույթների դեմ պայքարի տարի և հաջողություն ունեցանք այդ հարցում: Արատավոր երևույթ ասելով՝ մենք նկատի ունենք այն բարքերը, որոնք փողոցից, գողական աշխարհից փորձում են մտնել բանակ: Դրանք մականուններն են, կեղծանուններն են, գողական խոսակցություններն են, կեղծ հայհոյանքի տակ պարտավորվածություններն են, որոնք ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ, ինչն էլ կոնֆլիկտների համար հիմք է հանդիսանում: Կոնֆլիկտների արդյունքում էլ ծնվում են հանցագործությունները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ մանրամասնեց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ բավականին լուրջ աշխատանք է տարվում նաև բանակում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Նա նկատեց, որ բոլոր համակարգերում էլ եղել են մարդիկ, ովքեր բացահայտման արդյունքում ենթարկվել են համապատասխան պատասխանատվության՝ պատժվել են, դատապարտվել են կամ ազատվել են պաշտոններից: