Սեյրան Օհանյանը գոհ է «Շանթ 2015» զորավարժությունների արդյունքներից
Հասարակություն«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների արդյունքում կատարելագործվել են կառավարման բոլոր մարմինների տեսական և գործնական հմտությունները: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարց ին:«Կատարելագործվել են նաև կառավարման կետերում կատարվող աշխատանքները, հայտնաբերվել են այն առավելությունները և թերությունները, որոնք կան բոլոր պլաններում և պետք է հետագայում հստակեցվեն և փոփոխվեն»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց Օհանյանը:
Նա նաև նշեց, որ զորավարժությունների շրջանակներում անց են կացվել կառավարության և անվտանգության խորհրդի նիստեր, որոնց ընթացքում ի հայտ են եկել և լավ կողմերը, և նաև թերությունները, որոնք հետագայում պետք է շտկվեն: «Եվ, անկասկած, յուրաքանչյուր գերատեսչության աշխատանքում զորավարժությոնւների անցկացման արդյունքում ձևավորվել է այն ալգորիթմը, որ յուրաքանչյուր անձնավորություն պետք է իմանա, թե ինչ է պետք անել պատերազմի նախապատրաստական փուլում, ինչպես պետք է մեր գործունեությունը ծավալենք պատերազմի ժամանակ և պատերազմի ավարտից հետո ինչպես պետք է աշխատենք՝ պատերազմի հետևանքները վերականգնելու համար: Ես գտնում եմ, որ սա անհրաժեշտություն է յուրաքանչյուր օղակի համար»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ խաղաղ պայմաններում հարկավոր է պատրաստ լինել ցանկացած պահի երկրի պաշտպանության գործին լծվելու համար: «Եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, որին յուրաքանչյուր օր պատրաստվում է հայկական բանակը»,- եզրափակեց Օհանյանը: