Գեղարքունիքում մեկնարկեց «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի տարածքային փուլը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում մեկնարկեցին «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի տարածքային փուլի մրցումները: Տարածքային փուլը մեկնարկեց Գավառի տարածաշրջանի մրցումներով, որոնց մասնակցեցին տարածաշրջանի ութ մանկապարտեզների թիմերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության Մշակույթ ի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող այս մրցումները հանրապետությունում անցկացվում են առաջին անգամ եւ ընդգրկված են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակներ: Գավառի տարածաշրջանի մրցումներն անցկացվեցին վեց մարզաձեւերում` փոխանցումավազք` արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակով, հավաքիր «Հաղթանակ» բառը եւ նետումներ նշանակետին:
Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին հնգական տղա եւ նույնքան աղջիկ: Համառ պայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Գավառի թիվ 7 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը` Նորատուսի եւ 3-րդը` Սարուխանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը: Հաղթող մանկապարտեզներին մարզական գույք ձեռքբերելու նպատակով հանձնվեց դրամական խրախուսանք` 1-ին տեղի համար` 100 հազար, 2-րդ տեղի համար` 80 հազար եւ 3-րդ տեղի համար` 60 հազար դրամ: «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի մարզային փուլին կմասնակցեն միայն առաջին տեղ գրաված թիմերը: Նույն աղբյուրի հավաստմամբ` Վարդենիսի, Սեւանի, Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջաններում մրցումնե րը կավարտվեն սեպտեմբերի 30-ին:
Խոսրով Խլղաթյան