Գավառ քաղաքում նշվեց «Քաղաքացիական հասարակության օրը»
ՀասարակությունԳեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում, թիվ 1, 2,3 հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ նշվեց «Քաղաքացիական հասարակության օրը»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, միջոցառումը նախաձեռնել էին «Գործընկերություն եւ ուսուցում ՀԿ-ն եւ «Վորլդ Վիժն- Հայաստան» կազմակերպության Վարդենիսի տարածքային գրասենյակը: Նշյալ կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձեւավորված «Գեղարքունիքի մարզի աշակերտական խորհուրդների» ուժերով Գավառ քաղաքի երեք հիմնական դպրոցներում կազմակերպվեցին բաց դասեր, որոնց ընթացքում ինտերակտիվ եղանակով բարձր դասարանների աշակերտները ներկայացրին իրենց պատկերացումները քաղաքացիական հասարակության վերաբերյալ:
«Մինչեւ բաց դասերի սկսվելը աշակերտները պատրաստվել էին, առանձնացրել տեսանյութեր, հանրահայտ քաղաքական գործիչների խոսքեր, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության դերին ու նշանակությանը: Դպրոցներում պատրաստվել էին պաստառներ եւ հատուկ անկյուններ»,- նշեց Ալվարդ Մանուկյանը: Բաց դասերի ավարտից հետո երեք դպրոցների աշակերտները հավաքվեցին Գավառի կենտրոնական հրապարակում եւ անցորդներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ, որոնք պարունակում էին տեղեկություններ ու աֆորիզմներ քաղաքացիական հասարակության մասին, ինչպես նաեւ իրենց ձեռքով պատրաստված կրծքանշաններ`»Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» մակագրությամբ:
Խոսրով Խլղաթյան