Հայաստանում տարեկան մոտ 1000 ուսուցիչ է կրճատվում
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հայաստանում տարեկան մոտ 1000 ուսուցիչ է կրճատվում, որոնց 80 տոկոսից ավելին կանայք են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից:
Ըստ այդ կենտրոնի տվյալների՝ 2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 40 հազար 830 ուսուցիչ, որոնց 84.3%-ը` կին: Պետական ուսումնական հաստատություններում աշխատել է 39 հազար 556 ուսուցիչ, որից կանայք կազմել են 84.3%:
2013-2014 ուսումնական տարում պետական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թիվը կրճատվել է մոտ 1000-ով՝ կազմելով 38 հազար 483, որից կանայք կազմել են 84.2%:
2014-2015 ուսումնական տարում ուսուցիչների թիվը կազմել է արդեն 37 հազար 560:
Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ուսուցիչների թվի նվազումը պայմանավորել է մի քանի գործոններով:
«Աշակերտների քանակն է նվազել, բացի դրանից՝ փորձում ենք ամեն ինչ անել, որ ուսուցիչն ունենա լրիվ դրույքաչափ՝ այսինքն 22 ժամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշել է նաեւ, որ դպրոցներում կադրային խնդիրներ չկան, միայն հնարավոր են՝ հեռավոր գյուղերում այս կամ այն մասնագետի պակաս լինի, որն էլ նախարարությունը փորձում է ամեն կերպ լուծել: