Վոլգոգրադում հրաձգության հետևանքով երկու հայ է վիրավորվել
ՀասարակությունՎոլգոգրադում տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lifenews-ը, արտակարգ պատահար է տեղի ունեցել Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում ՝ Կաչինսկի շուկայի մոտ։ Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է տեղափոխել հարսանիքից վերադարձող հարբած երիտասարդներին։ Լսելով մերժումը՝ նրանք ծեծել են տաքսու վարորդին, որը օգնության է կանչել իր ազգականին։ Նախնական տվյալներով` հենց նա էլ ատրճանակից կրակ է բացել հարձակվողների վրա։
Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը ՝ տուժել։ Վիրավորներից մեկը 22-ամյա Արմեն Եղիազարյանն է, ով աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել և առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Դեպքի առթիվ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Վոլգոգրադի շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՝ սպանության, ավելի քան երկու մարդու նկատմամբ մահափորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Հաղորդվում է, որ ոստիկանությունն արդեն կալանավորել է կասկածյալներին: