Ծովինարում նշվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրը մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ Երուսաղեմի Սուրբ Հակոբեան միաբանության հոգեւոր հովիվ Տեր-Տիրան Աբեղայի:
Ինչպես տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիր ոսյանը, Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման եւ ուխտի օրը համարվել է 2012 թվականի սեպտեմբերի 21-ը, որից հետո ավանդաբար ամեն տարվա այս օրը եկեղեցում մատուցվում է ուխտի Պատարագ` հավատավոր ծովինարցիների եւ հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության Անկախության եւ Ծովինարի Սուրբ Աստվածածնի ուխտի օրերի տոնակատարության համընկնումը ներդաշնակել էր երկու հոգեւոր ու ազգային տոն` համախմբելով հավատավորներին: Իսկապես, սա հոգու տոն էր, ավանդական դարձած սրտաբուխ տոն, որ ամեն տարվա սեպտեմբերի 21-ին իր շուրջը կհավաքի նորանոր հավատավոր հայերի»,-նշեց Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը:
Ուխտի Պատարագին ներկա էին նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման գլխավոր հովանավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, Մարտունու տարածքի համայնքների ղեկավարներ, Հայաստանի տարբեր վայրերից հրավիրված հյուրեր: Հակոբ Հակոբյանի հովանավորությամբ հավատավորներին տրվեց Սուրբ մատաղ:Ծովինարի եկեղեցուն կից կիրակնօրյա հոգեւոր դպրոցի սաների ուժերով եկեղեցու բակում տրվեց համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության եւ Ծովինարի Սուրբ Աստվածածնի ուխտի օրվան:
Խոսրով Խլղաթյան