Հայ-վիետնամական բարեկամության խմբի պատվիրակությունն այցելել է ԵՊՀ
ՀասարակությունՀայաստան է ժամանել հայ-վիետնամական բարեկամության խմբի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև 1970-1980-ական թվականներին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած վիետնամցիները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանում պատվիրակությանը ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վիետնամական կրթական համագործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Կազմակերպվել է այցելություն Երևանի պետական համալսարան, որի շրջանակներում պատվիրակությանը ընդունել է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հյուրերն այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և այլ պատմամշակութային վայրեր: