Ինդոնեզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները
ՀասարակությունԻնդոնեզիայում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 21-ին կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ինդոնեզիայի կառավարությունը ներկայացված է եղել ի դեմս տնտեսական հարցերը համակարգող նախարար Դարմին Նասուտիոնի: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ինդոնեզիայի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (Սենատ) նախագահ Իրման Գուսմանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամդուրահման Մուհամմադ Ֆախիրը, գործադիր և օրենսդիր մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ինդոնեզիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական, մշակութային և տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Բացման ելույթով հանդես է եկել Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, ով ողջունել է ընդունելության մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին և հյուրերին՝ ներկայացնելով անկախ պետականության ձեռքբերման կարևորությունն ու պատմական արժեքը հայ ժողովրդի կյանքում:
Պատասխան ելույթով հանդես է եկել տնտեսական հարցերը համակարգող նախարար Դարմին Նասուտիոնը, ով նշել է, որ Ինդոնեզիայի կառավարությունը բարձր է գնահատում ՀՀ հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որոնք զերծ են որևէ քաղաքական տարաձայնություններից՝ հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա: Համակարգող նախարարը ընդգծել է նաև Ջակարտայում ՀՀ դեսպանություն հիմնելու կարևորությունը, ինչպես նաև հայ-ինդոնեզական երկկողմ առևտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին առկա դրական դինամիկան:
Ընդունելության ընթացքում ցուցադրվել են ՀՀ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող տեսաշարեր, հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: