Դիաբետով հիվանդ մինչև 22 տարեկան անձանց կհատկացվեն ուլտրակարճ ազդեցության ինսուլինային անալոգներ
ՀասարակությունՀանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ևս մեկ անգամ նվել է այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական «Դիաբետոն ՄՌ» դեղի կարևորության մասին: Այս որակական փոփոխությունը միտված է հիվանդներին որակյալ, մատչելի և անվտանգ դեղերով ապահովմանը:
Ընդգծելով մանկության հարցերի առաջնահերթությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների հնգամյա ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ուլտրակարճ ազդեցության ինսուլինային անալոգներ: Դրանք առաջիկայում կհատկացվեն շաքարային դիաբետով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներին և 18-22 տարեկան երիտասարդներին:
Դիաբետի առավել արդյունավետ բուժման տեսանկյունից կարևորվել է մասնագետների կողմից հիվանդների շրջանում շարունակական ուսուցման դասընթացների իրականացումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության քարոզչությունը:
Մասնագիտական միավորումների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քայլեր իրականացնել շաքարային դիաբետով հիվանդների ռեեստրի ստեղծման և շաքարային դիաբետի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման և ներդրման ուղղությամբ: