ԵՊԲՀ-ում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք
ՀասարակությունԵրևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Լևոն և Էլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նորաբաց բաժանմունքում տեղադրվել է նաև հանրահայտ General Electric ընկերության B rivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը նվիրաբերվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության և հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ` Արտեմիս Նազարյանի և նրանց որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի և հետազոտական ինստիտուտի ղեկավար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի կողմից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր երախտագիտությունն է հայտնել միջոցառմանը ներկա ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, Նազարյանների ընտանիքին, ինչպես նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում: Նախարարն ընդգծել է, որ սփյուռքում բնակվող շատ անվանի բժիշկներ անմոռանալի դերակատարություն են ունեցել հայրենիքի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման, բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործում:
«Ուրախալի է, որ այս հիվանդանոցի նաև երիտասարդ բժիշկները հնարավորություն կունենան աշխատելու այն սարքավորումներով, որով հագեցած են աշխարհի լավագույն կլինիկաները»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նորագույն սարքավորումները էականորեն նպաստում են մատուցվող ծառայությունների, հիվանդությունների ախտորոշման որակի բարելավմանը, կանխարգելիչ բժշկության զարգացմանը:
Առողջապահության նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իր ուրույն տեղն ունի առողջապահական համակարգում և դրա վառ օրինակն է կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, ծանր դեպքերի բուժումը, բուժանձնակազմի նվիրված աշխատանքը:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ ԵՊԲՀ-ի կյանքում հուզիչ օր է: Նա ընդգծել է, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը հնարավորություն կընձեռի շուրջ երեք անգամ բարելավել ախտորոշիչ ծառայությունների հզորությունները: Նշվել է, որ նոր սերնդի այս սարքն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչն առավել ճշգրիտ ախտորոշման հնարավորություն է տալիս: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում` սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլն: &nbs p;
Սարքի ընդհանուր արժեքն է 1.400.000 ԱՄՆ դոլար: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ-ի և ԵՊԲՀ-ի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: