Մահացել է «Հայաստանի Ֆիզկուլտուրնիկ» թերթի երկարամյա խմբագիր Ալբերտ Թունյանը
ՀասարակությունՄահացել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Ալբերտ Թունյանը:
Թունյանը ծնվել է 1933 թ. մարտի 15-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում: Յոթամյա դպրոցն ավարտելով 1949 թվականին` ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1953 թվականին: Թունյանը ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Երեք տարի շարունակ աշխատել է Երևանի քաղխորհրդի մշակութի բաժնում: 1962 թվականից անցել է լրագրողական աշխատանքի «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» («Մարզական Հայաստան») թերթի խմբագրությունում: Թունյանը վաստակած հանգստի է անցել 1995 թվականին:
Ալբերտ Թունյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին` ժամը 17:00-ից Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` նույն վայրից սեպտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին:
Արմենպրեսի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Ալբերտ Թունյանի մերձավորներին եւ հարազատներին: