Սոչիում ռուս հոգևորականն անարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի եկեղեցու վանահայր Լազարը անսթափ վիճակում վիրավորել է հայ ժողովրդին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս դեպքի վերաբերյալ իր վրդովմունքն է արտահայտել Սոչիի քաղաքային «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը, որի հայտարարությունը հրապարակել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին վանահայր Լազարն ոգելից խմիչքի ազդեցության ներքո, իր սեղանակիցների հետ միասին Լազարևսկի շրջանի ԳոսՍորտՈւչաստոկ ավանում ծեծի է ենթարկել ազգությամբ ռուս մի բնակչի, և երբ տուժողին փորձել է պաշտպանել նրա հայազգի ընկերը, քահանան սկսել է հայհոյանքներ հնչեցնել հայ ժողովրդի հասցեին և անարգել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջադեպը նկարահանված է բջջային հեռախոսով` բազմաթիվ ականատեսների ներկայությամբ:
«Համոզված ենք, որ այդ վանահայրը կրելու է ռուսաստանյան օրենսդրությամբ նախատեսված իր արժանի պատիժը:
Սակայն, ինչպե՞ս է նա պատասխան տալու հայ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար»,- հռետորական հարց է տալիս «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը` անհրաժեշտ համարելով քննարկման առարկա դարձնել վերը նշված քահանայի՝ հոգևորականի կոչմանն անհարիր գործողություններն ինչպես հայկական հասարակական կազմակերպություններում և Ռուսաստանի հայերի միությունում, այնպես էլ Ռուս ուղղափառ եկեղեցում:
Հոգևորականի գործողություններից տուժած 20-ամյա երիտասարդը տեղի ունեցածի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել տեղի ոստիկանություն: