Նկարիչների միության ցուցասրահում կկայանա ժամանակակից գեղարվեստական լուսանկարի միջազգային ցուցահանդես
ՄշակույթՀայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 28-ին կբացվի «Art Raccord» խորագրով ժամանակակից գեղարվեստական լուսանկարի միջազգային ցուցահանդես:
Ինչպես տեղեկացրին ցուցահանդեսի նախաձեռնող Raccord Group ընկերությունից, կներկայացվեն 30 երկրներից անալոգային նկարչության 40 վարպետների գործեր:
Լուսանկարներն արված են դասական ժանրերում՝ բնանկար, դիմանկար, փողոցային լուսանկարչություն, ճարտարապետություն և այլն: Սակայն ստեղծագործական գործընթացի ժամանակ հեղինակները վարպետորեն օգտագործել են ձեռքի տպագրության տարբեր մեթոդներ, այդ թվում՝ այլընտրանքային և հազվագյուտ, որոնք սովորական լուսանկարչական աշխատանքները դարձրել են արվեստի իսկական գործեր:
Առանձնակի հետաքրքրություն կառաջացնեն Դմիտրի Ռուբինշտեյնի (Չեխիա) արխիվի աշխատանքները: Լուսահոգի լուսանկարիչ Կարեն Քարտաշյանի հարազատների ջանքերի շնորհիվ այցելուները կարող են տեսնել նաև նրա գործերը, որոնք ստեղծվել են թե’ Հայաստանում, թե’ Ռուսաստանում:
Նկարները մեծամասամբ գոյություն ունեն միայն մեկ՝ հեղինակային օրինակով: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Այն կազմակերպել է Հայաստանի նկարիչների միությունը, Raccord Group և Raccord Armenia ընկերությունները: