Կիևում նշել են ՀՀ Անկախության տոնը
ՀասարակությունՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի Նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, դիվանագիտական ողջ կորպուսի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի գործիչներ, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների և այլ բնագավառների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ողջունելով հյուրերին` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա, մեր ժողովուրդների բարեկամությունն ունի հազարամյա պատմություն, և այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցությունն են բերել երկրի զարգացման գործում:
Դեսպանը Մանուկյանը գոհունակությամբ նշել է, որ Ուկրաինայի ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթներն, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Կիևի օպերային թատրոնում Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգին ստեղծագործական և կատարողական բարձր մակարդակով մասնակցության համար ՀՀ մշակույթի նախարարությունը պատվոգրերով պարգևատրել էր օպերային թատրոնի դիրիժոր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գերման Մակարենկոյին, «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախմբին, օպերային թատրոնի մենակատար, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանին, «Դումկա» պետական ակադեմիական երգչախմբին: Հանձնելով պարգևներ ը` դեսպան Մանուկյանն իր երախտագիտությունն է հայտնել նրանց` համերգին մասնակցելու համար` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Հայ պարբերական մամուլին մատուցած ծառայությունների, հայապահպանության գործում բեղմնավոր գործունեության, հայ-ուկրաինական հոգևոր-մշակութային կապերի զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար Կիևում հրատարակվող «Արագած» երկլեզու թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ժենյա Ծատուրյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես է եկել «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը: