Սեյրան Օհանյանը մասնակցել է զինծառայողների բազմաբնակարան շենքի բացման արարողությանը
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանական գերատեսչության մի շարք վարչություների պետերի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինված ուժերի զորավարժարաններից մեկում պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում արդիականացված հրաձգային զինատեսակները: Սեյրան Օհանյանը և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են արդիականացված զինատեսակների տեխնիկական բնութա գրերին ու դրանց կիրառման գործնական առանձնահատկություններին:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զինված ուժերի տեխնիկական ապահովման զորամասերից մեկում, տեղում ծանոթացել է զորամասում իրականացված շինարարական աշխատանքներին, ծառայության կազմակերպման պայմաններին:
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինավանում էլ պաշտպանության նախարարը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կառուցված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և անձամբ է հանձնել բնակարանների վկայագրերը: Ողջունելով և շնորհավորելով բնակարանամուտ տոնող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու բնակարաններով ապահովման խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է, և պաշտպանության նախարարությունը հետևողական է սպայակազմի բնակարանային խնդիրների լուծման առումով: