Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում վերսկսվել են «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի համերգները
ՄշակույթԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում վերսկսվել են «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի համերգները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին թանգարանից, մշակութային օջախում անցկացվելու են վոկալ երաժշտության երկու համերգներ: Սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա «Լույս» վոկալ կվինտետը՝ Հասմիկ Բաղդասարյան, Մարիամ Մ աիլյան (սոպրանո), Մարինե Նազարյան, Շահանե Զալյան, Սոֆյա Կոնջոյան (ալտ) կազմով: Կհնչեն հայ և միջնադարյան հոգևոր երգեր, հատվածներ Սուրբ պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգեր՝ Կոմիտասի մշակումներից:
Հոկտեմբերի 1-ի համերգի ընթացքում կհնչեն վոկալ և օպերային գլուխգործոցներ: Ծրագրում Բելինիի, Պուչինիի, Վերդիի, Ռոսինիի, Չայկովսկու, Բորոդինի, Նարեկացու, Տիգրանյանի գործերն են: Ելույթ կունենան Հայկ Տիգրանյանը, Տիգրան Օհանյանը, Քրիստինե Սաֆարյանը, Տաթևիկ Աշուրյանը, կնվագակցի Ելենա Վարդանյանը (դաշնամուր): Երգիչները Լիտվայում կայացած միջազգային մրցույթի դափնեկիրներ են:
Դաշնամուրային երաժտության սիրահարներին հոկտեմբերի 15-ին սպասվում է հաճելի անակնկալ: Այս համերգի ընթացքում կկատարվեն միայն Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները և փոխադրումներ նրա բալետներից: Ելույթ կունենա Եվրոպայում շրջագայելուց հետո Երևան ժամանած տաղանդավոր դաշնակահարուհի Կարինե Պողոսյանը, ով ապրում է Նյու Յորքում: Դաշնակահարուհին այնտեղ ձայնագրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների խտասալիկը և այժմ կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեցնի նրա տուն-թանգարանում: