Ստորագրահավաք՝ Երևանի օրվա տոնակատարության բյուջեն սահմանամերձ բնակավայրերից մեկին տրամադրելու խնդրանքով
ՀասարակությունՄի խումբ երիտասարդներ ստորագրահավաք են նախաձեռնել, որով կոչ են անում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին: Կազմակերպիչներն իրենց կոչում նշել են.
«Հարգելի ընկերներ, եկեք մեզ համար նախատեսվող տոնակատարությունը դարձնենք բարի գործ, վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան մեր սահմաններն օր ու գիշեր զինվորին հավասար պահող հայրենակիցներին օգտակար լինելը»։
Այս պահին նախաձեռնությանն արդեն միացել է 853 օգտատեր, սակայն այս թիվը գնալով ավելանում է, քանի որ նախաձեռնությունն իսկապես մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն երիտասարդների, այլև տարեցների շրջանում:
Հիշեցնենք, որ նույն այս հարցով արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմում նաև Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։ Ա.Գրիգորյան