Նախարար Գաբրիել Ղազարյանն ուղերձ է հղել խուլերի միջազգային օրվա կապակցությամբ
ՀասարակությունՍեպտեմբերի վերջին ողջ շաբաթվա ընթացքում միջոցառումներ են կազմակերպվում լսողության խնդիրներ ունեցողների համար: 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Խուլերի միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 29-ին:
«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, սերտորեն համագործակցելով «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության հետ, իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ լսողության խնդիրներ ունեցողները հասարակության լիիրավ անդամներ են: Մենք դա անում ենք մեծ պատասխանատվության ու պարտքի զգացումով: Ասեմ, որ նրանց մեջ կան բավականին լավ տվյալներ ունեցող մարզիկներ, որոնք հաջողությամբ հանդես են գալիս միջազգային մրցահարթակներում և նվաճում չեմպիոնական կոչումներ: Ես միանում եմ լսողության խնդ իրներ ունեցողների միջազգային օրվա կապակցությամբ արդեն հնչած բոլոր շնորհավորանքներին և իմ կողմից մաղթում նրանց անկոտրում կամք, համառություն և նպատակներին հասնելու անխախտ ձգտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է նախարարի ուղերձում:
1951 թվականից սկսած ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սեպտեմբերի վերջին շաբաթը նշվում է որպես խուլերի օր: