ՀԱՕԿ-ի 25-ամյակին նվիրված նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը
ՀասարակությունՀայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում սեպտեմբերի 29-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:
Ինչպես տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից, մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը, ինչպես նաև ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված լոգոտիպը:
Հավատարիմ մնալով ավանդույթին` Հայփոստ ՓԲԸ-ն, Տրանսպորտի և կապի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, շարունակում է մեծ ուշադրություն դարձնել սպորտային թեմաներին` կարևորելով հայկական սպորտային մշակույթը և պատմությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակին նվիրված նամականիշը թողարկվել է 2015թ. սեպտեմբերի 29-ին: Դիզայներն են Դավիթ Դովլաթյանն ու Վահագն Մկրտչյանը, տպարանը` Cartor, Ֆրանսիա, չափսերը 30,0 x 30,0 մմ են, տպաքանակը 60 000 օրինակ է: