Երևանում «ԲՄՎ E34»-ը բախվել է ավտոտեխսպասարկման կետի ճաղավանդակին բռնկվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 30-ին` ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, այրվում է շարժիչի հատվածը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ E34» մակնիշի 02 OU 202 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ավտոտեխսպասարկման կետի ճաղավանդակին և բռնկվել: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ-ն դուրս է բերվել տեղի ուժերով, վերջինս հրաժարվել է շտապօգնության ծառայության աշխատակիցների օգնությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել՝ 02.36-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազի բալոնի դատարկվելը: