Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում սիրիացի փախստականների ընդունման թվով. Սերժ Սարգսյան
ՀասարակությունՀայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում սիրիացի փախստականների ընդունման թվով: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում:«Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամեաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններ ից մեկն է Եվրոպայում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով` հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից: