Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ նախագծում է գերհամակարգչային կենտրոն
ՀասարակությունՏարածաշրջանում Հայաստանն առաջին է, որ նախագծում է հիմնել ազգային գերհամակարգչային կենտրոն, որը կբավարարի պետական, գիտական և սոցիալական խնդիրների լուծմանը: Սեպտեմբերի 29-ին «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնադրում» կլոր սեղան քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ինֆոր մատիկայի և ավտոմատացման պրոբլեմների լաբորատորիայի վարիչ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի տեխնիկական ղեկավար Հրաչյա Ասատրյանը:
«Գերհամակարգչային կենտրոնը հնարավորություն կունենա լուծելու այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության, եղանակի կանխատեսումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Նախատեսվում է կենտրոնը կառուցել ԳԱԱ-ին կից ու տեղակայել Ինֆորամտիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում»,- նշեց նա:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ Հայաստանը հանդիսանում է համակարգչագիտության առաջատար երկրներից մեկը, և այստեղ ևս պետք է լինի լուրջ հնարավորություններով գերհամակարգչային համակարգ: «Համակարգը պետք է ունենա այնպիսի հնարավորությունններ, որ կարողանա լուծել համակարգչային ոլորտի բազմաթիվ խնդիրներ՝ գիտական, մոդելավորման, հատկապես այսօր շատ արագ զարգացող կենսաբանական ինֆորմատիկայի խնդիրները , որոնք անմիջապես կախված են համակարգչային խոշոր ծրագրերի օգտագործման հետ: Մեր երկրի համակարգչագիտությունն արդեն հասել է այն մակարդակին, որ ընդհանուր զարգացումը կախված է նաև խոշոր համակարգչային կենտրոնների ստեղծումից»,-ասաց նա:
2016 թվականին նախատեսվում է Երևանում ստեղծել բարձր արտադրողականության հաշվարկային տեխնոլոգիաների գերհամակարգչային կենտրոն, որն իրենից ներկայացնում է հզոր համակարգչային միջոց, ունակ լուծելու համակարգչագիտության ոլորտում հանդիպող բազմաթիվ խնդիրներ: