Գլոբալ մրցունակության և Ինովացիոն զեկույցներում Հայաստանի առաջընթացը կնպաստի ներդրումային միջավայրի բարելավմանը
ՀասարակությունԳլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանն իր դիրքը բարելավել է երեք կետով և զբաղեցնում է 82-րդ տեղը, դրական ազդեցություն կունենան մեր երկրի ներդրումային միջավայրի վրա: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով: Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով: Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենÕ ¡ ներդրումային միջավայրի վրա»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:
Նախարարի խոսքով՝ HSBC խմբի կողմից պատրաստված հոդվածը միաժամանակ ցույց է տվել, որ չնայած ընդհանուր տնտեսական միջազգային զարգացումներին և, մասնավորապես, ասիական շուկաների տատանումներին, Հայաստանն ընդգրկվել է այն երկրների մեջ, որոնք ունեն 3 տոկոսից ավելի տնտեսական աճ և միևնույն ժամանակ հենց այդ անբարենպաստ ֆոնին ունեցել են ինֆլյացիոն առավելապես մեղմ դաշտ, որը նույնպես դրական է բնորոշում:
Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց նաև, որ բացի այդ հրապարակվել է Գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 4 տեղով բարելավելով իր դիրքերը: Ըստ նախարարի՝ սա բավականին լուրջ գնահատական է և լուրջ վերլուծությունների արդյունք: