Ադրբեջանական կողմի կրակոցները չեն ընկճել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին
ՀասարակությունՀայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկու օր առաջ ես եղել եմ Տավուշի մարզում՝ Բերդավան համայնքում, հանդիպել եմ սահմանամերձ համայնքներում ապրող մեր քույրերին ու եղբայրներին և կարող եմ ասել, որ հիացած եմ նրանց տոկունությամբ: Կարող եմ ասել, որ նրանք ամուր կանգնած են իրենց հողի վրա և պատրաստ են ցանկացած պահի ոտքի կանգնել և պաշտպանել իրենց հայրենիքը»,- նշեց Շարմազանովը:
Նա նաև վստահեցրեց, որ ադրբեջանական կողմի կրակոցները ոչ մի դեպքում չեն ընկճել սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ բնակչությանը:
«Իհարկե, կան խնդիրներ խաղողի բերքահավաքի հետ կապված, քանի որ գյուղացիները չեն կարողանում իրենց բերքը հավաքել կրակողների պատճառով, սակայն, ես հայտարարում եմ, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի սահմանամերձ համայնքում բնակվող ցանկացած քաղաքացու խնդիր լուծում ստանա»,- վստահեցրեց Շարմազանովը: