Գրադարանավարի օրվա առթիվ Արցախի մի շարք գրադարաններ գրքեր կստանան
ՀասարակությունԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ֆոնդից Գրադարանավարի մասնագիտական օրվա կապակցությամբ հոկտեմբերի 6-ին և 7-ին գրքեր կնվիրաբերվեն Ստեփանակերտի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների, այդ թվում՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ու նորաբաց ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի և «Եզնիկ Մոզյան» արհե ստագործական ուսումնարանի գրադարաններին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, տոնական միջոցառումը յուրաքանչյուր տարի կենտրոնացվում է որևէ շրջանում՝ բոլոր շրջաններում գործող գրադարանների մասնակցությամբ: Այս տարի տոնական միջոցառումները կկազմակերպվեն Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցում հոկտեմբերի 7-ին: Տոնական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 7-ին միջոցառում կկազմակերպվի նաև Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:
Գրադարանավարի օրն Արցախում պաշտոնապես նշվում է 2009 թվականից: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: