Համաշխարհային բանկի փորձագետները ուսումնասիրում են համաճարակային իրավիճակի վերահսկողությունը Հայաստանում
ՀասարակությունՀամաշխարհային բանկի փորձագետները ծանոթացել են Հայաստանում համաճարակային իրավիճակի վերահսկման, հիվանդությունների կանխարգելման, որակի ապահովման վերաբերյալ մի շարք հարցերի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, արտերկրի փորձագետներին ներկայացվել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կա նխարգելման ազգային կենտրոնի և նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործունեությունը:
Քննարկման առանցքում են եղել համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, ամենօրյա մշտադիտարկման անհրաժեշտության հարցերը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը առաջնահերթություն է:
Նա քննարկման մասնակիցներին ներկայացրել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում մեր երկրի գրանցած հաջողությունները, անդրադարձել որակի և անվտանգության վերահսկման հարցերին, ինչպես նաև հանրային առողջապահական ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել առողջապահական երկու կառույցի գործառույթների հստակեցման հետ կապված հարցերը, ինչպես նաև մշակել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ քայլերը: