Հայաստանը 2016թ.-ից անցնում է ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը
ՏնտեսությունԵրևանում հոկտեմբերի 2-ին կայացած «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության արտադրանքի դրոշմավորման և անվտանգության նոր պահանջներ» սեմինարի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը և ԵՏՀ դրոշմավորման և տեխնիկական կարգավորման դեպարտամենտի ներկայացուցիչները Հայաստանի բիզնես-հանրությանը ներկայացրեցին տեխնիկա կան կարգավորման ոլորտում 2016 թվականի հունվարի 2-ից սպասվող փոփոխությունները:
Այս մասին է հաղորդում ԵԱՏՄ պաշտոնական կայքը:
Սեմինարը կազմակերպել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Կարինե Մինասյանը իր ելույթում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրում Հայաստանում արտադրված ապրանքների մեծ մասի համար նախատեսվող բացառությունների ժամկետը լրանալու է 2016 թվականի հունվարի 2-ին:
«Դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների համար գործող տեխնիկական կարգավորումները սկսելու են գործել նաև ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող ապրանքների համար: Չնայած այդ հանգամանքին` հայ արտադրողները առաջիկա երկու տարվա ընթացքում դեռևս կարող են ապրանքներ արտադրել` Հայաստանի օրենսդրության համապատասխան, որի համար անհրաժեշտ է անցկացնել որոշակի նախապատրաստական աշխատանքներ»,- շեշտել է նա: