ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացավ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս
ՀասարակությունԵրևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որը կազմակերպվել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
«Այս կոնֆերանսը կազմակերպվել է Թաթուլ Կրպեյանի 50-ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքում: Գիտական շրջանակների համար շատ կարևոր է Թաթուլ Կրպեյանի ազգային հերոսի, մարդու կերպարը ներկայացնել ուսանողությանը, հանրային շրջանակներին, որը շատ կարևոր է ապագա սերնդի դաստիրակության և այդ հայրենասիրությունը նրանց մեջ ներարկելու տեսանկյունից»,- նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Նա նկատեց, որ Թաթուլ Կրպեյանը, որպես անձնավորություն, օժտված էր կազմակերպչական ունակություններով: «Արցախյան շարժման հենց սկզբից նա ուսանողների և դասախոսների հետ կազմակերպում էր բազմաթիվ քննարկումներ: Նա շատ նվիրյալ անձնավորություն էր և ամեն անգամ, երբ վերադառնում էր Գետաշենից, հավաքում էր ուսանողներին և ոգևորում էր նրանց ` ասելով, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են և հաղթահարելի»,- շեշտեց Թաթուլ Կրպեյանի դասախոս Էդիկ Մինասյանը:
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս ներկայացվեցին 6 զեկույցներ, որոնք կտպագրվեն գիտական ժողովածուի տեսքով: