Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Էմմիյանին պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով
ՀասարակությունԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին՝ ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանի ուղեկցությամբ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազ մի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է Ռոբերտ Էմմիյանին և շնորհակալություն հայտնել Արցախի աթլետիկայի բնագավառը ևս ուշադրության ներքո պահելու համար: «Մեզ համար միշտ հաճելի է Ձեզ հյուրընկալել թե որպես աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ և թե՛ որպես անվանի մարզիկ: Ուրախալի է, որ մեր ֆեդերացիաների միջև համագործակցությունը պտուղներ է տալիս, և Արցախում ևս զարգանում է սպորտի այդ ուղղությունը»,- նշել է վարչապետը:
Արայիկ Հարությունյանը ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով՝ ԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար:
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար: Մեծ պատիվ է Ձեզնից հուշամեդալ ստանալ, որը պարտավորեցնում է ինձ ավելի արդյունավետ աշխատել: Ուրախալի է տեսնել, որ անձամբ Դուք խրախուսում եք սպորտի զարգացումն Արցախում»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:
Ֆեդերացիայի նախագահը վարչապետին է հանձնել հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած կիսամարաթոնի մեդալներից և հուշանվերներից՝ հույս հայտնելով, որ Արցախում ևս նմանատիպ զանգվածային միջոցառումներ կկազմակերպվեն: