Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ամփոփված են 188 համակարգային խնդիրներ
ՀասարակությունԱզգային ժողովում մեկնարկել է «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը,- հայտնում է Orer.am-ը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով հանդես էր գալիս որպես հիմնական զեկուցող, նշեց, որ զեկույցը ներկայացված էր դեռ մարտ ամսին:
«Զեկույցի հիմնական էությունը հետևյալն է, որ այս տարի ամփոփված են 188 համակարգային խնդիրներ, որոնցից 60-ն օրենսդրական են: Դրանցից 40-ն առանձնացրել եմ այսօր ներկայացնելու համար: 40 խնդիրներն ուղարկվելու են բոլոր խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովներին, որպեսզի սերտ համագործակցության արդյունքում հարցերը լուծվեն»,- ասաց նա:
Կարեն Անդրեասյանը նախ խոսեց պետպատվերով տրվող դեղորայքի որակի անբավարարության մասին եւ նշեց. «Սովորաբար, հայտարարված պետական մրցույթում հաղթում են նվազագույն գումար առաջարկող ընկերությունները, որոնք չեն համապատասխանում որակական չափանիշներին: Պետք է վերանայել դեղերի գնումների գործընթացը»,- ասաց Կ.Անդրեասյանը՝ հավելելով, թե էժան ապրանքը միշտ չէ, որ որակով է լինում:
«Եթե այլ դեպքերում սա թույլատրելի է, դեղերի դեպքում չի կարելի առաջնորդվել այս խնդրով»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Երկրորդ հարցը, որը բարձրացվեց նրա կողմից, վերաբերում էր դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններին: «Մասնավորապես, կալանավայրերում գտնվող անձինք, ովքեր չեն աշխատում, գումար չեն վաստակում, հաճախ կարիք ունեն ստանալ պատճեններ, որոնց պետական տուրքի գումարը 150 դրամ է: Լրացուցիչ ոչինչ, բացի պատճենահանումից չկա: Եթե շուկայում նայենք ամենաբարձր գինը՝ 40 դրամ է: Եթե վերանայվի այս հարցը, մարդիկ վնաս չեն կրի: Սա սոցիալական իմաստով մեծ գործ կլինի»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Սոսե Չանդոյան