Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունը նոր տնօրեն ունի
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն: Այս մասին Արմենպրես-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը (ավազանի անունը՝ Դավիթ) ծնվել է 1986թ. հունիսի 17-ին Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է Երևանի թիվ 162 դպրոցում և Էջմիածնի Ներսիսյան Վարժարանում։ 2003թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։ 2008թ. Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի։ 2010թ. հոկտեմբերի 31-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրվել է քահանա՝ ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։ 2009-2010թթ. ծառայել է &l aquo;Էջմիածին» ամսագրում՝ իբրև տեխնիկական խմբագիր։ 2011-2015թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը՝ իբրև գործավար-քարտուղար։
Գևորգյան հոգևոր ճեմարանում դասախոսում է «Նոր Կտակարանի կանոնի պատմություն» և «Քարոզխոսություն» առարկաները: Հովվական ծառայություն է իրականացրել Արմավիրի թեմի Մրգաշատ, Մայիսյան և Շահումյան համայնքներում։ Այժմ, իբրև ծիսակատար քահանա, ծառայում է Սուրբ Գայանե վանքում։
Հեղինակ և համահեղինակ է մի շարք գրքերի ու թարգմանությունների։ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը նաև հեղինակն է «Շողակաթ» հ/ը «Ավետարանական առակներ» և «Մարկոսի Ավետարան» հաղորդաշարերի։