Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունմանը
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ուշի ուշով հետևել է Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի նախապատրաստման և դրա ընդունման գործընթացին' մշտապես կոչ անելով հունական իշխանություններին ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն հարցի նկատմամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նա ընդգծել է, որ թուրքական կողմը հատկապես ուշադրություն է դարձրել Հունաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ արված այն հայտարարությանը, որ օրինագիծը չի լինելու արտաքին քաղաքականություն ձևավորող տարր և չի թիրախավորելու ոչ մի երկրի' այդ թվում և Թուրքիային: ԱԳՆ խոսնակը հավելել է, որ իրենք ուշի ուշով հետևելու են օրենքի կիրառմանը, որը, թուրքական կողմի համոզմամբ, «դեմ է ժողովրդավարության սկզբունքներին և ժողովրդավարության սկիզբ համարվող խոսքի ազատությանը»:
Այդուհանդերձ, Բիլգիչը նշել է, որ իրենք մեծ ակնկալիքներ կունենան, որպեսզի հետագայում արդեն այդ օրենքի շրջանակում պատիժ սահմանվի Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության, ինչպես նաև Ռոդոսում և Իսթանքյոյում իրենց քաղաքացիների նկատմամբ հնչող խտրական և ռասիստական գործողությունների ու խոսքերի համար:
Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Օրինագիծը նախատեսում է 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում և 10.000 - 30.000 եվրո տուգանք Հունաստանի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները ժխտողների նկատմամբ: Այսպիսով, Հունաստանը երրորդ պետությունն է, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: