Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Դպրեվանքի 86-րդ ուսումնական տարեշրջանի պաշտոնական բացումը
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, հոկտեմբերի 12-ի առավոտյան տեղի է ունեցել Դպրեվանքի 86-րդ ուսումնական-կրթական տարեշրջանի պաշտոնական բացումը:
Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը: Այս առիթով տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Աստվածաշնչից հատված է ընթերցվել, նաև օրվա խորհուրդը պատմող շարականներ են ներկայացվել:
Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդես է եկել իր պատգամով. «Դպրեվանքը սովորական դպրոց չէ, այլ` սրբազան կառույց: Այն եղել և կմնա հայ սփյուռքի մարդուժ հայթայթող նվիրական կենտրոն:
Դպրեվանքը հատուկ առաքելություն ունի, որ լավագույնս արտահայտված է «կրոնի հուրն ու ազգի սերը» բառերի մեջ, այլ խոսքով` Դպրեվանքում հավատն ու բանականությունը, եկեղեցականն ու ազգայինը ընդելուզված են իրար: Մեր սերունդներն այս ոգով կկերտվեն Դպրեվանքում, երթալու մեր ժողովրդին իրենց անձնդիր առաքելությունն իրագործելու համար»:
Ավարտին Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Դպրեվանքի տեսուչին, տեսչության անդամներին և ուսուցչական կազմի կատարած աշխատանքը, հաջողություն է մաղթել նրանց և կոչ արել նույն բծախնդրությամբ շարունակել իրենց վստահված առաքելությունը: