Հայաստանը մասնակցել է Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին
ՄշակույթՊեկինում տեղի է ունեցել Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ ներկայացված էին Չինաստանի և տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործություններ:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշակութային կազմա կերպությունների և նկարիչների միությունների հետ մեկտեղ, ցուցահանդեսի կազմակերպիչներն առանձին տաղավարներ էին տրամադրել նաև Պեկինում հավատարմագրված մի քանի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, այդ թվում՝ Չինաստանում ՀՀ դեսպանությանը: Վերջինիս աջակցությամբ այստեղ ցուցադրված էին Հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի քսանից ավելի կտավներ:
Հատկանշական է, որ այցելելով Չինաստանի տարբեր քաղաքներ և ոգեշնչվելով տեղի հարուստ մշակույթով ու բնապատկերներով՝ հեղինակին հաջողվել էր ստեղծել հայկական կերպարվեստի հարուստ ավանդույթներով ու հայկական բնապատկերներով համադրված չինական մոտիվներով ստեղծագործությունների շարք: Տաղավարում ներկայացված էին նաև Հայաստանի մասին պատմող գրականություն, Հայաստանի զբոսաշրջային ոլորտը գովազդող նյութեր, հուշանվերներ: Հայկական տաղավարի ներկայացման արարողությանը մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչներին, չինացի արվեստագետներին ու այցելուներին, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրել է հայկական կերպարվեստը, մշակույթը և պատմությունը, հայ-չինական մշակութային կապերը, ինչպես նաև հայ-չինական պատմական առնչությունները: Դեսպանը խոսել է նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների, դրանց ամրապնդման ու զարգացման մասին՝ կարևորելով մշակութային շփումներն ու փոխանակումները: Հայկական տաղավարն արժանացել է այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին: