Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է զինված ուժերի հաջողությունների մասին
ՀասարակությունՍիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ սիրիական ուժերը ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Հալեպի Հուրրա շրջանի, ինչպես նաև Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում 13 գյուղի, գյուղաքաղաքի և ևս մեկ շրջանի վրա:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպում Հուրրա շրջանի ազատագրման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը խոշոր վնասներ է կրել: Սիրիական ուժերի թիրախում հայտնվել են նաև ահաբեկիչների հավաքատեղիները Քուիրս օդանավակայանի մերձակայքում, որտեղ ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր, զինապահեստներ են ոչնչացվել:
Գլխավոր հրամանատարությունը հաստատել է, որ ռազմական գործողությունների արդյունքում Համայի և Իդլիբի նահանգներում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զրահամեքենաները, զինապահեստները:
Բացի դրանից, ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր են ոչնչացվել Մաարաթ ան Նուման, Սարակեբ, Հեյշ և այլ բնակավայրերում:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: