Հայաստանն ու Իսպանիան ստեղծում են միջկառավարական հանձնաժողով
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրելու հարցը: Համաձայնագիրը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-իսպանական միջկառավարական հանձնաժողով: Կառավարության նիստին հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` համաձայնագիրը մշակվել է Իսպանիայի հետ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով:
Արմենպրեսի հաղորդմամբ` ակնկալվում է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:
Համաձայնագրով նախատեսվում է տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: